ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ` ոռոգման սեզոնի նախապատրաստման շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին անձամբ հետեւելու նպատակով:

Այցի շրջանակում նախարարն այցելել է Քաղցրաշենի, Գոռավանի, Վեդիի, Արմաշի պոմպակայաններ, հետեւել Նարեկ համայնքի հեղեղատարի եւ Դվինի ջրանցքի մաքրման աշխատանքներին, եղել «Ձախ ճյուղ» ջրանցքի գլխամասում:

Նախարարի այցելության պահին Քաղցրաշենի պոմպակայանում ընթանում էին նորոգման աշխատանքներ` ոռոգման սեզոնի բացմանն այն ամբողջությամբ աշխատունակ վիճակի բերելու նպատակով: Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանի խոսքով` պոմպակայանի հիմնանորոգումը հնարավորություն կտա շրջակա համայնքներին անցնել ինքնահոս ոռոգման` զգալիորեն կրճատելով ջրի կորուստները եւ խնայելով շուրջ 500 մլն դրամ գումար:

Այնուհետեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղեւորվել է Նարեկ համայնք, հետեւել հեղեղատարի մաքրման աշխատանքներին: Նախարարը եղել է նաեւ Դվինի ջրանցքում, որտեղ նույնպես աշխատանքները եռուն ընթացքի մեջ էին: Ֆելիքս Մելիքյանի զեկուցմամբ այս տարի ջրանցքների մաքրման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել, եւ դրանք արդեն իսկ ամբողջությամբ ավարտվել են ցածրադիր հատվածներում (Տավուշ, Արմավիրի, Արագածոտն, Սյունիք) վստահեցնելով, որ սահմանված ժամկետներում` մինչեւ մարտի 1-ը, կիրականացվեն նաեւ բարձրադիր հովիտների մաքրման աշխատանքները:

Դվինից նախարարն ուղեւորվել է դեպի Գոռավանի եւ Վեդիի պոմպակայաններ, եղել է «Ձախ ճյուղ» ջրանցքի գլխամասում, որը սպասարկում է մարզի թվով 5 համայնքների, հետեւել իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ: Պատասխանատուները վստահեցրել են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, առանց խնդիրների եւ արդեն իսկ մարտի 1-ից անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ կլինի ոռոգման սեզոնին:

Արարատի մարզում նախարարի այցելության վերջին կանգառն այսօր Արմաշի ավտոմատ ինքնակարգավորող թվայնացված պոմպակայանում էր, որը հիմնանորոգվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում եւ այժմ սպասարկում է Արմաշ եւ Սուրենավան համայնքների շուրջ 1800 հեկտար ոռոգելի հողատարածքներ:

«Հաշվի առնելով ընթացիկ տարվա եղանակային պայմանները` հավանական է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ սկսվեն, ուստի մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի պատշաճ կերպով իրականացվեն ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները, եւ համակարգը պատրաստ լինի առաջին իսկ պահանջի դեպքում գյուղացիական տնտեսություններին ապահովել ոռոգման ջրով: Նախարարությունը խիստ հետեւողական է գտնվելու այս հարցում, եւ այդ նպատակով պարբերաբար իրականացվելու են մշտադիտարկումներ», – իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ կայուն ջրամատակարարում ապահովելու նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ հանրապետությունում գույքագրել բոլոր չշահագործվող խորքային հորերը` անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես աշխատունակ վիճակի բերելու եւ ջրի հավելյալ պաշարներ ապահովելու համար:

Նախարարը հիշեցրել է, որ ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման եւ ոռոգման սեզոնն արդյունավետ կազմակերպելու նպատակով այս տարի կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է հատկացրել ջրային համակարգերի, այդ թվում` ջրամբարների, գլխամասային կառուցվածքների, ջրանցքների, պոմպակայանների եւ այլ ջրային համակարգերի ամենամյա կապիտալ նորոգումներ իրականացնելու համար: