«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու քրեական գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Այսօր՝ փետրվարի 14-ին, խուզարկություններ են կատարվել «Տեցի կռուգ»-ում գտնվող նախկին «Հայկոոպի» բազայի տարածքում, որտեղ այժմ գործում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ Արտակ Խաչատրյանը ցուցմունք է տվել իրեն առեւանգելու եւ ծեծի ենթարկելու հանգամանքների վերաբերյալ, որոնք ստուգելու ուղղությամբ էլ այսօր կատարվել են որոշակի քննչական գործողություններ:

Խուզարկությունը կատարվել է տուժողի՝ Արտակ Խաչատրյանի մասնակցությամբ:

Մեր տեղեկություններով՝ համադրելով Արտակ Խաչատրյանի՝ դեպքի վայրի նկարագրությունը, քննության մոտ առկա տեղեկությունների հետ, պարզվել է այն ենթադրյալ վայրը, որտեղ կատարվել է հանցագործությունը։

Այնտեղ են ժամանել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին դիմակավորված եւ զինված անհայտ անձիք առեւանգել են: Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Քննչական կոմիտեն պարզել է, թե ինչ մեքենայով են առեւանգել Արտակ Խաչատրյանին։