Ծնունդով Բաքվից մի շարք ամերիկահայեր մասնակցել են Կոնգրեսում անցկացված լսումներին: Ադրբեջանից հայերն առաջին անգամ կարողացել են կոնգրեսականներին ներկայացնել 1988-90 թվականներին Բաքվում, Սումգայիթում եւ Կիրովաբադում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իրենց հիշողությունները: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրությունում: Հայերը սենատորներին կոչ են արել ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցությունը:

ANCA-ի նախաձեռնությամբ կազմակերպված լսումները կոչվել են «Լեռնային Ղարաբաղ. հակահայկական կոտորածներից հետո գոյություն ունեցող սերունդը: Զարգացնել խաղաղությունն ու ժողովրդավարությունը»: Լսումների նյութերը ներկայացրել են իրավաբան, «Ոչ մի տեղ. Արտաքսվածի պատմությունը» գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյան-Տերկոտը եւ դոկտոր Ալինա Դորյանը, ով բազմաթիվ տարիներ աշխատել է Լեռնային Ղարաբաղի առողջապահության զարգացման ծրագրերում: Լսումները բացել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով աջակցություն է հայտնել Արցախի անկախությանը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը ներկայացրել է դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Հրաչյա Թաշճյանը, ԼՂՀ ներկայացուցչությունը՝ դրա ղեկավար Ռոբերտ Ավետիսյանը:

Իրենց ընտանիքների պատմությունն եւ Բաքվի իրադարձությունները ներկայացրել են Վիտալի Դադալյանը, Մարատ Խուդաբախշիեւը եւ Յուլիա Պապյանը, ովքեր ժամանել էին ԱՄՆ տարբեր ծայրերից. Յուտա, Կալիֆորնիա եւ Միչիգան:

Աննա Աստվածատուրյան-Տերկոտը հիշել է նաեւ Բաքվում անցկացրած մանկությունը՝ երջանիկ եւ արեւոտ, մինչեւ 1988 թվականը, երբ համերաշխության քողը սկսեց պատռվել: Այդ ժամանակ նա 11 տարեկան էր:

«Կյանքը՝ այնպիսին, ինչպիսին մենք այն պատկերացնում էինք, անհետացավ, երբ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցություն ստացող բանդաները ներխուժեցին մեր փողոցներ եւ սկսեցին հարձակվել մեզ վրա միայն այն բանի համար, որ հայ ենք: Այդ օրերի եւ ամիսների վախը մինչեւ հիմա չի անցնում: Ես փորձում եմ դուրս մղել այն՝ պատմելով դրա մասին»,- խոստովանել է նա:

«Թող ձեր երեխաները (Արցախի բնակիչների - խմբ.) երբեք ստիպված չլինեն ապրել Ադրբեջանի իշխանության ներքո: Թող երբեք ստիպված չլինեք թաքնվել մթության մեջ, ինչպես մենք: Թող նրանք իրավունք ունենան ապրել հայկական անուններով, իրենց ժողովրդավարական երկրում, ինչպես ես դա անում եմ ինձ ընդունած երկրում՝ Միացյալ Նահանգներում»,- հավելել է նա:

Դոկտոր Ալինա Դորյանը ցավով նշել է, որ մարդասիրական օգնություն ցուցաբերող ոչ բոլոր միջազգային կազմակերպություններն են աշխատում Արցախում. ՄԱԿ-ը մինչեւ հիմա այնտեղ ներկայացված չէ: «Ես հպարտ եմ այն ամենով, ինչ մեր կառավարությունն արել է Լեռնային Ղարաբաղի համար: Բայց դժվար է մոռանալ այն մասին, որ հրադադարի հաստատումից չորս տարի անց մենք ոչնչով չենք օգնել այդ երկրին: Կարո՞ղ եք պատկերացնել, որպեսզի Հաիթիի փոթորկի զոհերին սկսեին օգնել չորս տարի անց»,- հայտարարել է Դորյանը:

Հետագա տարիներին ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալությունը (USAID) զգալի մարդասիրական ծրագրեր է իրականացրել ԼՂՀ-ում: Ամեն դեպքում, հակամարտող կողմերից հենց Արցախն է ամենից շատ մեկուսացված եղել միջազգային օգնությունից: Քսան տարի անց, ըստ նրա, այդ միտումը փոխելու ժամանակն է: