Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել 69 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Պատասխանատուներին եւ վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 305 վարչական արձանագրություն է կազմվել այն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափել էին ոչ սահմանված վայրերում: Սակայն, վերլուծելով կազմված արձանագրություններն ու դրանց հիման վրա կատարված գանձումները, տեսնում ենք, որ այս ընթացքում ընդամենը 24 գանձում է կատարվել, ինչն ուղղակի անընդունելի է: Եղե´ք հետեւողական եւ խիստ հսկողություն սահմանեք որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ տուգանումներն ինքնանպատակ չեն, մենք պետք է վերացնենք արատավոր այս երեւույթը, ուստի աշխատանքները պետք է լինեն շարունակական այնքան ժամանակ, մինչեւ չունենանք ցանկալի արդյունք: Կատարված աշխատանքի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: