Զոհված զինծառայողների մայրերի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանության մի քանի ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նշենք, որ փետրվարի 11-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի ցուցումով` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից փետրվարի 12-ին նշանակվել էր ծառայողական քննություն:
Աշոտ Ահարոնյանն ասաց, որ փետրվարի 16-ին ծառայողական քննության արդյունքներով` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, բողոքի ակցիան իրականացնող քաղաքացիների նկատմամբ զսպվածություն չդրսևորելու, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ոստիկանության մի քանի ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի, իսկ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարին հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցներ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու համար:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն երեկ երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթեւեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով եւ հրելով նրանց կրկին բերել են մայթ։





























