Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանաբար սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը անհիմն է համարում սպանության մեջ մեղադրվող կուրսանտների հարազատների պնդումները, որ իրենց որդիներն անմեղ են: NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանն ասաց, որ իրեն հասած տեղեկություններով՝ չորս կուրսանտներն էլ առանձնացել են վատ վարքով, նրանցից ոչ մեկն իր որդու ընկերը չի եղել:
«Սուտ է, թե Հայկազն իրենց հետ լավ է եղել: Իր բնավորության գիծն իմանալով՝ ինքը տենցների հետ ընկերություն չէր անի: Իմ տղեն բոլորի հետ լավ է եղել, միայն իրենց չորսի հետ լավ չի եղել, նախանձել են նրանք էլ: Իրենց մասին միայն վատն եմ լսել, լսել եմ, որ գնդապետի որդուց բռնած, Վաչեից դուրս եկած՝ շատ վատ են պահել իրենց: Ուսուցիչներ կային, որ մեր տուն էին եկել, բողոքում էին չորսից: Մենք լսել ենք, որ, օրինակ, Վաչեն գլուխգործոցներից մեկն է եղել, ինքը 100 տոկոս մասնակից է եղել սպանությանը»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Արկադի Բարսեղյանը կուրսանտներին արդարացնելու՝ նրանց հարազատների փորձերը «փրփուրներից կախվել» է որակում, ըստ նրա՝ բազմաթիվ փաստեր կան նրանց դեմ, այդ թվում՝ սպանության ժամանակ նույն սենյակում եղած կուրսանտների վկայությունները:
«Վեց հոգի են եղել սենյակում, դե էն վեցից մեկին ինչի՞ չձերբակալեցին: Վեց հոգին, որ սենյակում են եղել, վկաներ են եղել: Իրենք էնքան վախեցած են եղել, որ գլուխներն վերմակի տակից չեն հանել, բայց ձայները հո ճանաչում են»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ կալանավորվածներից Վաչե Սահակյանի մորաքույրը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ բացառվում է՝ Վաչեն մասնակցած լինի սպանությանը: Նա Վաչեին բնորոշել էր որպես զուսպ, հանգիստ, ընկերասեր մարդու:
Հիշեցնենք, որ գործով մեղադրվողներից մեկն էլ ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է՝ Գնել Թեւոսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Հարազատները NEWS.am-ին պատմել էին, որ նրան նախ ծեծել են, ապա կախել։ Հիշեցնենք, որ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայկազի սպանությանը նախորդել է վեճը ծառայակիցների հետ, սպանության համար մեղադրվողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Հարազատները կարծում են, որ նման հաշվեհարդարի պատճառն այն է եղել, որ Հայկազը չի ենթարկվել ինտիտուտում 4 ծառայակիցների ստեղծած վախի մթնոլորտին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Նույն դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակում փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։





























