Ցանցահենները պետական սակարկությունների պաշտոնական կայքում վաճառքի են հանել Մոսկվայի Կրեմլը։ Այս մասին գրում է Znak.com-ը։

Այս լուրը հայտնվելու պահին լոտը հասանելի էր պետական սակարկությունների կայքում «չեղարկված» կարգավիճակով։

«Շտապ վաճառվում է 1787թ. կառուցված ոչ բնակելի եռահարկ աղյուսե շինություն, 21289.9 քառ. մ տարածքով, կադաստրի համարը՝ 77:01:0001001:1298, հասցեն՝ քաղաք Մոսկվա, Կրեմլ, ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նախկին նստավայր։ Շինությունը գտնվում է արտակարգ վիճակում, ունի անվտանգության եւ հատուկ կապի համակարգ, երկու ստորգետնյա հարկ։ Շտապ վաճառվում է Նովոռոսիային հատկացվող օգնության միջոցների սղության պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։

Լոտի նախնական արժեքը եղել է 30 ռուբլի։ Նշված է եղել, որ վաճառքին մասնակցելու համար «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ լինելը պարտադիր պայման է։