Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, արտաքին կապերի տնօրեն Ալեքսանդր Եսայանը, «Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը եւ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Ջոզեֆ Հադդադը ամփոփեցին եւ ներկայացրեցին ՏՏ բնագավառում երկու առաջատար ընկերությունների համագործակցության արդյունքները, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններն ու գաղափարները:
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Կալիքս»-ը ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար: «Կալիքս»-ի միջոցով աշխարհի ծառայություն մատուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցանցերը եւ իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակարարներ:
Ամերիկյան «Կալիքս» ընկերության հետ համատեղ «Յուքոմ»-ն այս տարի կատարելու է մի շարք վերազինման աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խնդիրներ, որոնք երբեմն անհանգստացնում էին Յուքոմի բաժանորդներին կմնան անցյալում: Բաժանորդների հետ կապը ամրապնդելու նպատակով մոտ երկու անգամ կմեծացվի տեխնիկական աջակցման բաժնի անձնակազմը, որպեսզի բաժանորդին հուզող յուրաքանչյուր հարց կարողանա լուծում ստանալ նվազագույն ժամանակում (18 ժամ կարող ենք ասել):
«Անցած տարին բավականին կարեւոր տարի էր, եւ մենք կարողացանք մի շարք կարեւոր ծրագրեր իրականացնել, որոնք արդեն գործում են կամ կգործեն առաջիկա օրերի, կամ ամիսների ընթացքում: Այս առումով կարեւորագույնը տեխնիկական վերազինումն էր, որով մենք անցում ենք կատարում դեպի ամերիկյան CalixE7 սերիայի առավել հուսալի եւ նոր սերնդի սարքավորումների: Նախորդ տարում մեր ցանցին միացած նոր տարածքները եւ այս տարի պլանավորվող միացումները ամբողջովին հիմնված են նոր սերնդի այս սարքավորումների վրա: Կալիքսի հետ համագործակցությունը կօգնի մեզ անել այնպես, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ իր վրա զգա ինովացիոն տեխնոլոգիաների դրական դերը», - իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
«Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ Էնդի Լոքարտը նշեց, որ իրենց ընկերությունը, լինելով համաշխարհային առաջատար, հանդիսանում է ԱՄՆ-ի 20 ամենախոշոր հեռահաղորդակցման կազմակերպություններից 19-ի տեխնոլոգիական մատակարարը: Կալիքսին է վստահում նաեւ ԱՄՆ առաջատար հեռահաղորդակցության օպերատորАТ&Т-ն:
«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք «Յուքոմ»-ի, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների ցանցերը եւ գտել ենք, որ 2014 թվականին որպես նորարարության բնագավառի առաջատար, մրցանակի է արժանի հայկական «Յուքոմ» ընկերությունը», -իր խոսքն ավարտեց Էնդի Լոքարտը:
Նշենք, որ «Յուքոմ»-ը այն երեք ընկերություններից մեկն էր, որ 2014 թվականին ստացան «Կալիքս»-ի «Innovations Award» մրցանակը: «Յուքոմ»-ը Հայաստանում 2009 թվականից սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որի միջոցով մատուցում է իր ծառայությունները՝ ինտերնետ (U!Net), հեռուստատեսային ծառայություն (U!TV) եւ հեռախոսակապ (U!Phone): Այս ցանցում ինֆորմացիան մինչեւ սպառողի բնակարան է հասնում օպտիկական մալուխի միջոցով, որն ունի մինչեւ 1Գբիթ/վ թողունակություն:





























