2013թ. սեպտեմբերի 15-ին մարտական հերթապահության ժամանակ ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանին պատահմամբ սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Հակոբյանի գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 17-ին, անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը բեկանեց գործով մյուս երկու դատապարտվածների դատավճիռը՝ վերացնելով նրանց պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը եւ դատապարտելով 2 տարվա ազատազրկման:
Տուժող Խաչատրյանի իրավահաջորդ Ասյա Սարգսյանը իր վերաքննիչ բողոքում նշել էր, որ որդու սպանության գործով դատապարտվածների պատիժը շատ մեղմ է եւ Վերաքննիչ դատարանին խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ ավելի խիստ պատժաչափ կիրառել, քանի որ նրանց արարքը ծանր եւ անդառնալի հետեւանքների է հանգեցրել:
«Հերիք չէ՝ նվազագույն պատիժ են կիրառել, մի հատ էլ պայմանական են տվել: Դեպքից հետո էլ իմ որդին չկա, թող իրենք զգոն լինեին, կամ հրաժարվեին նրա հետ հերթապահելուց: Ինչու՞ են անմեղ մարդու վրա ձեռք բարձրացրել: Ես պնդում եմ իմ վերաքննիչ բողոքը երեքի նկատմամբ էլ»,- դատարանում ասաց Ասյա Սարգսյանը:
Ասյա Սարգսյանը նշեց, որ իր որդին Ռուսաստանից հատուկ է վերադարձել ծառայելու համար: Նրա խոսքով՝ երեք ամբաստանյալներին դրական բնութագրեր են տվել, այնինչ նման անզգույշ մարդիկ սահմանին ծառայելու իրավունք չունեին:
«Ադրբեջանցին 27 վայրկյանում կարող է մտնել մեր դիրք, այդքան մոտ է մեր դիրքը թշնամու դիրքին, ինչու՞ են նման մարդկանց դրական բնութագրեր տալիս»,- ասաց տուժողի իրավահաջորդը:
Մեղադրողը պնդեց, որ առաջին ատյանի վճիռն արդարացի է եւ բեկանման ենթակա չէ:
Գործով երեք դատապարտյալները եւ նրանց փաստաբանները առարկեցին վերաքննիչ բողոքի դեմ եւ խնդրեցին անփոփոխ թողնել առաջին ատյանի վճիռը:
Տիգրան Հակոբյանի փաստաբանը իր խոսքում նշեց, որ իր պաշտպանյալը դիտավորյալ չի կրակել, այլ պատահականորեն, դեպքից հետո ծանր հոգեբանական վիճակում է եղել, նույնիսկ փորձել է ինքնասպան լինել:
«Հակոբյանը նույնիսկ նշանաբառ է հարցրել, պատասխան չի հնչել, ինչից հետո կրակել է հետ-հետ վազելով, եւ գոռացել է՝ Խաչատուր Խաչատրյան»,- ասաց փաստաբանը:
Դատապարտյալ Արթուր Մարտիրոսյանը դեպքից հետո երկու ամիս հոգեբուժարանում է անցկացրել:
Տուժողի իրավահաջորդ Ասյա Սարգսյանը դժգոհ մնաց դատարանի որոշումից, նա մեզ հետ զրույցում ասաց, որ այս վճիռը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում:
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 02:50-ի սահմաններում Տ.Հակոբյանը դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից և տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով և չիմանալով, որ այն` իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խ. Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի համարի ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ: Արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ.Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:
Արթուր Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա լինելով դասակի հրամանատարի տեղակալ,կոչումով ավագ սերժանտ, տեղյակ է եղել, որ Տ.Հակոբյանը Ա.Մարտիրոսյանի եւ Խ.Խաչատրյանի հետ միասին չեն իրականացնում դիտորդի պարտականությունը, այլ գտնվում են գետնատնակում, չի զեկուցել այդ մասին իր վերադասներին: Տիգրան Հակոբյանը դատապարտվել է 4 տարվաազատազրկման: Դեպքի հետ կապված 2 տարի ժամկետով դատապարտվել էին նաեւ ժամկետային զինծառայող Արթուր Մարտիրոսյանը եւ ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը, որոնց պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ ստորագրությամբ ազատ են արձակվել:





























