ԴԺՀ եւ ԼԺՀ գրոհայինները չեն կատարում փետրվարի 12-ին Մինսկում նորմանդական քառյակի ղեկավարների նիստի արդյունքում ստորագրած համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված է արձանագրել, որ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն չեն պահպանում հրադադարի պահպանման ռեժիմը հատկապես Դեբալցեւոյի շրջանում։ Միաժամանակ ուկրաինացի դիվանագետը նշել է, որ համաձայնագրի պայմանների կատարումը հրադադարի հաստատման եւ լարվածության թուլացման միակ ճանապարհն է։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի կողմից հնարավոր ձեռնարկվելիք քայլերին, դեսպանը նշել է, որ իրավիճակը քննարկվել է ՄԱԿ ԱԽ-ում։ «Մինսկի համաձայնագրերը վտանգի տակ են, եթե գրոհայինները, չդադարեցնեն կրակահերթը»,- հայտարարել է դեսպանը։
Պատասխանելով Արեւմուտքից սպասվող ռազմական օգնության մասին հարցին՝ Իվան Կուխտան նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները զբաղված են բանակի մոդեռնիզացման աշխատանքներով եւ զենքի վաճառքի հարցով դիմել են նաեւ այլ երկրների օգնությանը։ Այս կոնտեքստում դեսպանը Ռուսաստանին մեղադրել է ԴԺՀ եւ ԼԺՀ գրոհայիններին ակտիվ օժանդակություն ցուցաբերելու համար։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան Արեւմուտքին խնդրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։
Միաժամանակ դեսպանը նշել է, որ մոտ ժամանակներս Ուկրաիան դժվար թե հրաժարվի ռուսական գազից, որից երկիրը կախված է 80-90 տոկոսով։ «Դա օգտագործվում է իբրեւ քաղաքական ճնշման լծակ»,- նշել է դիվանագետը։





























