Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին, ժամը 18.10-ին, Երեւանի Չեխովի փողոցի 54 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Գայանե Ք.-ին:

Նա խոստովանել է, որ 2014 թ. ամռանը ոմն Շաքեի եւ անչափահաս Հասմիկի հետ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների հագուստների խանութներից կատարել են վեց գողություն, իսկ 2014 թ. ամռանը Երեւանի Բագրատունյաց փողոցի 19 շենքում գտնվող խանութից փորձել են հագուստ գողանալ, որը կանխվել է խանութի տնօրենի կողմից:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Շաքեն 32-ամյա Շաքե Հ.-ն է, իսկ Հասմիկը` 14-ամյա Հասմիկ Ս.-ն:

Ժամը 20.05-ին Շաքե Հ.-ն բերման է ենթարկվել, իսկ Հասմիկ Ս.-ն ներկայացվել է բաժին, որտեղ նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Հասմիկ Ս.-ն հայտնել է, որ բացի նշված անձանցից Երեւան քաղաքի տարբեր վայրերից տարբեր ժամանակահատվածում գողություններ է կատարել նաեւ ոմն Անիի եւ Սպարտակի հետ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անին 1990 թ. ծնված Անի Ո.-ն է, որը ժամը 20.50-ին բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սպարտակը 1993 թ. ծնված Սպարտակ Կ.-ն է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է նաեւ, որ նշված անձինք փետրվարի 4-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Չեխովի փողոցի թիվ 54 շենքի մոտ 1928 թ. ծնված Սարգիս Հ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել են 38.000 դրամ եւ դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սպարտակ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: