Սեպտեմբերի 15-ին Կրասնոդարում տեղի կունենա հայկական ժողովրդական ու ռազմա-հայրենասիրական երգերի համերգ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (սեպտեմբերի 2) և Հայաստանի Հանրապետության (սեպտեմբերի 21) անկախության օրերին։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։ Կուբանի մայրաքաղաքի բնակիչների առջև ելույթ կունենա հայաստանցի հայտնի կատարող Մակիչը (Մկրտիչ Մկրտչյանը)։

Վերադառնալով Մկրտչյանի անձին, նշենք, որ նա կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանող էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը։ Նա երգում էր բացառապես ժողովրդական ու հայրենասիրական երգեր։ Արտաքնապես նման լինելով մեծն Կոմիտասին, նա, ինչպես և Կոմիտասը, մեծ հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր երգի, մաքրում է այն օտար ձայնաշարերի նստվածքներից, մշակում ու հղկում է երգը՝ վերածելով բազմակողմ, ծիածանի բոլոր գույներով առկայծող ադամանդի։ Լսելով Մկրտիչ Մկրտչյանին, սկսում ես ավելի լավ զգալ քո պատմությունը, հպարտանալ քո անցյալով ու ներկայով։

Այն տարիներին Մկրտիչը սկսում է կազմակերպել երաժիշտների ուղևորութուններ դեպի Արցախ, իսկ մի ուղևորությունից հետո որոշում է մնալ այնտեղ։ Ընդգրկվում է Գետաշենի ֆիդայինների ջոկատում, ծառայում Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ղեկավարության ներքո։ Ոչ ոք չէր էլ ենթադրում, որ Մկրտիչը ականավոր երգիչ է։ Ծառայում էր, ինչպես բոլորը՝ կանգնում էր պահակակետում, գնում էր մարտի…

Գետաշենի կորստից հետո Մկրտչյանը տեղափոխվում է Շահումյան։ Դառնում է Շուշիի առանձնակի գումարտակի սպա։ Մարտերից մեկի ժամանակ նա վիրավորվում է։ Հոսպիտալում՝ ցանկանալով ցրել զինվորների ձանձրույթը, սկսում է երգել։ Դրանից հետո բոլորը խնդրում են նրան երգել, և Մկրտիչի ձայնի մասին համբավը դուրս է գալիս հոսպիտալի սահմաններից…

Ավտոմատն ու ձայնը. ահա սրանք են Մկրտիչի գլխավոր զենքերը, ինչպես նաև Հայրենիքին անմնացորդ նվիրվածությունն ու սասունցու արիությունը, որտեղից նրա նախնիներն են։