Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նորընտիր նախագահի թանկարժեք վերնաշապիկի քննարկումներից շատ չանցած սկսել են քննարկվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թանկարժեք կոստյումի ձեռքբերման հարցը։
Թուրքական Gazeteport-ի փոխանցմամբ՝ Էրդողանի Pierre Cardin կոստյումի հարցը թուրքական խորհրդարանի օրակարգ մտցրած «Ժողովրդա-հանրապետական» -ի պատգամավոր Սաջիդ Յըլդըզը նշել է, թե հիմնական խնդիրը կոստյումը չէ։ «Վարչապետն ունի լողավազաններով առանձնատներ, ընտանիքի հետ հատուկ ինքնաթիռներով է մեկնում ճոխ հանգստի, երեխաները ամենաթանկ ուսումնական հաստատություններն են ավարտել։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մինչ վարչապետ դառնալը, Էրդողանը նման ճոխ ապրելակերպի հետ կապ չուներ»-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Սաջիդ Յըլդըզը հայտնել է, որ վարչապետին ուղղված գրավոր հարցադրման մեջ տեղ են գտել հետեւյալ հարցերը. «Ճիշտ է արդյո՞ք, որ Pierre Cardin-ը Ձեզ ամեն տարի 3-4 կոստյում է ուղարկում։ Այդ հագուստ ձեզ որպես անձնական նվե՞ր են ուղարկում։ Եթե այո, ապա արդյո՞ք նման թանկարժեք նվերներ վերցնելն էթիկայի սահմաններում է։ Եթե կոստյումները գնում եք, ապա ի՞նչ աղբյուրներից եք վճարում դրանց արժեքը»:


























