Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը զբաղված է այն անձանց բացահայտմամբ, ովքեր Մոսկվայում կայացած «Եվրատեսիլ-2009»-ի ժամանակ քվեարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը (www.azadliq.org/content/article/1799069.html), համաձայն պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի համար քվեարկել են Ադրբեջանի 43 քաղաքացիներ: Նրանցից մեկը՝ Ռովշան Նասիրլին օգոստոսի 12-ին հրավիրվել է ԱԱՆ Նասիմինի շրջանի շրջանային բաժին: Նրա խոսքով՝ հարցաքննող սպաների ձեռքին կային Հայաստանի օգտին քվեարկած բոլոր անձանց տվյալները՝ հասցեներով եւ հեռախոսահամարներով: "Ինձ կանչեցին ԱԱՆ եւ բացատրություն պահանջեցին, թե ինչու են քվեարկել Հայաստանի օգտին՝ «Եվրատեսիլ-2009»-ում: Ասացին, որ դա կարեւոր է պետանվտանգության համար: Ինձ վրա հոգեբանական ճնշում էին գործադրում, վիրավորում՝ «դու ազգություն չունես, ինչո՞ւ ես ձայնդ տվել Հայաստանին», իսկ ես պատասխանում էի, որ «եթե ադրբեջանցի պատգամավորները գնում են Հայաստան, ինչո՞ւ շարքային քաղաքացիները չեն կարող իրենց ձայնը տալ դուր եկած երգին»,- պատմել է Ռովշան Նասիրլին:
Նրա խոսքով՝ ինքը քվեարկել է հայ կատարողների օգտին՝ բողոքելով Արաշի կողմից Ադրբեջանը ներկայացնելու փաստի դեմ, եւ միաժամանակ նրա համար, որ հայկական երգն ավելի հոգեհարազատ է ադրբեջանցուն, քան Արաշի երգը: «Բայց ես չէի կարող ենթադրել, որ դա կհասնի մինչեւ ԱԱՆ»,- զարմացել է նա:
Այդուհանդերձ, Ռովշանն իզուր է զարմանում. Ադրբեջանում այդպես են կատարում նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած Մոսկովյան հռչակագիրը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնման մասին: Ինչո՞վ է տարբերվում իրավիճակը Հայաստանում: Միայն նրանով, որ Երեւանում առ այսօր կարելի է լսել «Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցների երգը: Իսկ ճիշտ է արդյո՞ք, երբ գործ ունես հոգեկան հիվանդ հարեւանի հետ, նրան ներս թողնել քո տուն…




























