«Օֆշորի» գործով տուժող, հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
Նա նշեց, որ ինքը դիմել է ՄԻԵԴ-ին՝ խնդրելով իր երկու հայցերը վարույթ ընդունել, քանի որ այստեղ անարդարություն է եւ չեն կարող նորմալ քննել այդ գործերը: Փայլակ Հայրապետյանի երկու հայցերը վերաբերում են իր ունեցվածքից իրեն անօրինական ճանապարհով զրկելուն, այդ քաղհայցերով Հայաստանում դատավարություն եղել է, սակայն գործարարը դժգոհ է արդյունքից: Փայլակ Հայրապետյանն ասաց, որ ՄԻԵԴ-ից նամակ է ստացել, որ իր դիմումը ստացել են եւ ինչ-որ կոդի տակ է:
Ինչ վերաբերում է «օֆշորի գործով» Հայաստանում ընթացող քննությանը, գործարարն ասաց, որ վերջին անգամ մի երկու ամիս առաջ է առերեսվել Աշոտ Սուքիասյանի հետ, դրանից հետո իրեն չեն կանչել, որեւէ բան չեն հայտնել, իսկ երբ փորձել է հետաքրքրվել գործից, ասել են, թե նախաքննություն է ընթանում:
Փայլակ Հայրապետյանը հիասթափված է, նա նշեց, որ այս ընթացքում ում դիմել է, իրեն չեն պատասխանել, օրինակ՝ 4 ամիս առաջ նամակով դիմել է Ռուբեն Վարդանյանին, ով «Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի անդամն է, սակայն մինչ այժմ որեւէ կերպ չեն արձագանքել, զանգերն էլ անպատասխան են մնացել, մինչդեռ գործարարը պնդում է, որ իր սնանկացման գործում մեծ դեր է ունեցել նաեւ Ռուբեն Վարդանյանը:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:





























