Անտարկտիդայի Գուդյիր կղզու Պորտ Լոքրոյ նավահանգստում գտնվող թանգարանը աշխատանքի է հրավիրում 2 հազար գարշահոտ պինգվինների հոտը հանդուրժող մարդկանց։ Այս մասին ասված է UK Antarctic Heritage Trust-ում տեղադրված հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն։
Հայտարարության մեջ ասված է, որ աշխատանքի ընդունվել ցանկացողները պետք է պատրաստ լինեն ձյան վրայով ծանր արկղեր քարշ տալ, մեկ ամիս շարունակ չլվացվել եւ ապրել առանց ջեռուցման ու ջրատար խողովակների առկայության։ Բացի այդ, պարտադիր է համարվում անգլերենից բացի եւս մեկ օտար լեզվի իմացությունը։
Կղզում չկա ինտերնետ ու հեռախոսակապ։ Կես տարի շարունակ օրը 24 ժամ բեւեռային ցերեկ է լինելու, իսկ օդի ջերմաստիճանը հազվադեպ է Ցելսիուսի սանդղակով 5 աստիճանից ավել բարձրանում։
Այս պահանջներին համապատասխանող դիմորդը աշխատելու է խանութում, փոստում, Պորտ Լոքրոյի բազայում նոյեմբերից մարտն ընկած ժամանակահատվածում։ Այս շրջանում կղզին այցելում է մոտավորապես 18 հազար մարդ։
Հաստիքը, որի համար առաջարկում են 1700 դոլար ամսական աշխատավարձ թափուր է մինչեւ փետրվարի 27-ը։ Թանգարանին անհրաժեշտ է 4 հոգի՝ անկախ ազգային պատկանելությունից։





























