Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդիի կոստյումը հնդկական Հուջարաթ գավառի Սուրաթ քաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 695 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է France Press գործակալությունը:
Եռօրյա աճուրդում կոստյումը մեծ իրարանցում է առաջացրել: Այն գնել է ադամանդների վաճառական Լալջի Պատելը, որը, ինչպես եւ վարչապետը, Հուջարաթ գավառից է:
Կոստյումի եւ աճուրդի հանված վարչապետի 450 այլ իրերի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Գանգես գետի մաքրման ծրագրին:
«Այդ կոստյումը գնելն իմ միակ ցանկությունն էր: Հրաշալի է գիտակցել, որ գումարը ծախսվելու է սրբազան գետի մաքրման համար»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ ցանկանում էր որեւէ լավ բան անել իր երկրի համար:





























