Բնապահպանության նախարարությունը դեռ այս տարվա մարտին կառավարությանը պետք է ներկայացներ Ջերմուկի եւ Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի սահմանների նկարագրերը, հատակագծերն ու տարածքների չափերը: Սակայն կառավարության որոշումն այդպես էլ չի կատարվել, ուստի նախարարությունը խնդրանքով դիմել է կառավարությանը՝ եւս մի քանի ամիս տրամադրել՝ այն պատճառաբանությամբ, որ այդ աշխատանքները պետք է փոխհամաձայնեցվեն մարզերի եւ համայնքների հետ։ Համապատասխան որոշումը կառավարությունը կհաստատի հուլիսի 22-ի նիստում, NEWS.am-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Ջերմուկի ջրաբանական արգելավայրը նախատեսում է ստեղծել Արփա գետի, իսկ Հանքավանինը՝ Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանում։ Այս արգելավայրերը նախատեսված են ոչ միայն բուսական, կենդանական աշխարհի, ջրային ռեժիմի պահպանության համար, այլեւ ճանաչողական զբոսաշրջության զարգացման նպատակ են հետապնդում։ Այդ նպատակով արգելավայրերի տարածքում թույլատրվելու է հանգստի կազմակերպում եւ վրանների տեղադրում, սիրողական եւ մարզական ձկնորսություն, զբոսաշրջիկների եւ այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպում։ Ուշագրավ է, որ այդ գոտիներում առկա են հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնց տնտեսական շահագործումը կտրականապես արգելվելու է։




























