Օլիգարխները չեն կարող խոցելի չլինել քաղաքականության մեջ, բայց դա չի նշանակում, որ մնացած բոլորը կարող են դիմանալ ամեն ինչի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Սերժ Սարգսյանը եւ նրա ռեժիմը ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ կիրառեցին իրենց ողջ զինանոցը՝ շանտաժ, սպառնալիքներ ու ճնշում: Մանց մեր պայքարը շարունակվում է, եւ մեր նպատակները մնում են նույնը՝ հաստատել ժողովրդավարություն եւ պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին»,-ընդգծել է Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ստացված հարվածից հետո ԲՀԿ-ն պետք է որոշի, թե ինչ է անելու հետագայում:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը խոցելի՞ է, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. « Իսկ ով է ձեզ ասել, որ խոցելի չէ, ասենք, մեր Հայ ազգային կոնգրեսը: Քանի մարդ է այս նթացքում լքել մեզ՝ չդիմանալով սպառնալիքներին, ազատումներին: Հետապնդում են նաեւ մեզ, բայց դա չի նշանակում, որ պայքարն ավարտվել է: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, որոնք կմնան շարքում»,-հավելել է Զուրաբյանը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: