Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ հնարավոր է գործ հարուցվի ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքի հետ կապված: NEWS.am-ի թղթակի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ սահմանն ապօրինի կերպով հատելու դեպքի առթիվ գործ հարուցելու վերաբերյալ իր միջնորդության պատասխանն արդեն ստացել է: Դրա մեջ նշվում է, որ այս գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ ուղղությամբ եւս գործողություններ են ձեռնարկվում ու եթե հիմքեր լինեն, ապա Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով գործ կհարուցվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեմ Սարգսյանը միջնորդել է քրեական գործ հարուցել Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպքով: Միջնորդության համար հիմք է հանդիսացել հունվարի 13-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունը Պերմյակովի ձերբակալության վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացրել էին ռուս զինվորականին ձերբակալելը, թե ինչպես են նկատել անծանոթի, հրահանգել կանգնել, նախազգուշական օդ են կրակել եւ այլն: Փաստաբանը նկատել էր, որ այդ հաղորդագրության մեջ անընդհատ օգտագործվում է իրավախախտ բառը, առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, եթե նա ձերբակալվել է, ապա իրավախախտումը կարող է լինել սահմանն ապօրինի հատելու փորձը:: «Այս քայլի նպատակներից մեկն էլ այն է, որ կարող են լրացուցիչ հիմքեր ստեղծել Պերմյակովին Հայաստանին փոխանցելու համար: Վերջապես հասարակությունը կստանա այն հարցերի պատասխաններտ, թե ինչ հանգամանքներում, երբ, ինչպես, ում կողմից է ձերբակալվել Պերմյակովը»,-ասել էր Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Երեմ Սարգսյանի ներկայացրած մեկ այլ միջնորդությանը, որը վերաբերում էր մի շարք վարկածներ ճշտելուն, հարցումներ անելուն եւ գործի համար էական հանգամանքներ ճշտելուն: Այս միջնորդությունը բավարարվել էր:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։





























