Թուրքական Todays Zaman-ի այն տեղեկությունը, թե Թուրքիան չեղյալ է հայտարարել Գալիպոլիի միջոցառումները, ուղղված էին թուրքական իշխանությունների դեմ։ Նման տեսակետ, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանը, խոսելով Todays Zaman-ի հրապարակման ուշագրավ հանգամանքներից, նախ, նշեց, որ չնայած լուրը շատ կարեւոր էր, սակայն որեւէ այլ թուրքական պարբերական այն չարտատպեց՝ թեկուզ հղում անելով աղբյուրին, ինչը սովորաբար թուրքական կայքերն անում են կարեւոր ու հրատապ լուրերի դեպքում։
«Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ հիշյալ լուրը գրել էր Ադրբեջանի քաղաքացի մի աղջիկ լրագրող, ով վերջերս էր տեղափոխվել Ստամբուլ եւ մինչ Թուրքիա տեղափոխվելն աշխատել է Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկում։ Իր հոդվածում աղջիկը բավականին ծավալուն ներկայացնում է Ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ, ինչը երբեք թուրքական մամուլում չեն անում»,-նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ ամենակարեւորն էլ այն է, որ Todays Zaman-ը պատկանում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների թիվ մեկ քաղաքական թշնամի Ֆեթուլահ Գյուլենին։
Ըստ Անդրանիկ Իսպիրյանի՝ հենց սա էլ այս ամենի մեխն է, քանի որ թուրքական իշխանությունները բազմիցս մեղադրել են Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը հայամետ կոնգրեսականներին ֆինանսավորելու մեջ։ Բացի այդ, Todays Zaman պարբերականն անգլալեզու է եւ այդ հրապարակումն ուղղված է արտաքին լսարանին»-ասաց բանախոսը։
Իսպիրյանը չբացառեց նաեւ այն փաստը, որ թուրքական իշխող վերնախավում քննարկումներ եղել են Գալիպոլիի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ շեշտելով, որ այս հարցը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որ դեպքում Թուրքիան ավելի շատ վնաս կկրի, միջոցառումն անցկացնելո՞ւ, թե չանցկացնելու դեպքում։ «Այսինքն, Թուրքիայի ընտրությունը լինելու է վատի եւ վատագույնի միջեւ»,-եզրափակեց թուրքագետը։
Նշենք, որ Նշենք, որ Todays Zaman-ը տեղեկություն էր հրապարակել, թե Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, ով չի ցանկացել իր անունը հայտնել, պնդել է, թե Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ: Այս տեղեկությունից ժամեր անց հանդես են եկել Թուրքիայի ԱԳՆ եւ նախագահի մամուլի խոսնակները՝ հերքելով Todays Zaman-ի հրապարակած տեղեկությունը։ Նրանք պնդել են, թե Գալիպոլիի միջոցառումները տեղի են ունենալու նախատեսվածի պես։





























