ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում 14-ամյա տղայի  մահվան դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 23-ին ժամը 16:25-ին «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում:

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։