Խոջալուի իրադարձությունների մասին ճշմարտությունը պատմում են նյութերը, այդ թվում եւ ադրբեջանցի լրագրողի։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով, հայտնի է, որ 1992թ. փետրվարին հայկական ուժերը մարդասիրական միջանցք էին թողել խաղաղ բնակչության համար դեպի Աղդամ։ Հայտնի է եւ այն, թե ինչ տեղի ունեցավ, գյուղի բնակիչներին ադրբեջանցիները թողել էին որպես կենդանի վահան։ Նա հիշեցրել է, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի նկարած նյութերում դիակները այլանդակված չեն, ինչպես պնդում է ադրբեջանական քարոզչամեքենան։ «Հայտնի է նաեւ, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի բանակը չէր կարող մտնել այդ հատված, որտեղ եղել են զոհերի դիակները։ Պետական հեղաշրջումից հետո որ նախագահ Էլչիբեյն ու նրա թիմը սկսեցին միտումնավոր աղավաղել պատմությունը եւ օգտագործել հակահայկական քարոզչության համար»,- ասել է Զաքարյանը։