Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարեւանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը: Այդ մասին Ազգային Ժողովում ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն անշուշտ կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: «Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը:

Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարեւանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը»,- նշել է նա:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միեւնույն նժարին է դնում զոհին եւ դահճին: Սա իսկապես անթույլատրելի է: Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է»,- նկատել է ԱԺ փոխնախագահը:

Նա նկատել է. «Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում եւ քայլեր ձեռնարկենք թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիք ունի նաեւ հայոց խորհրդարանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր խմբակցությունների կողմից մշակված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ:

Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլեւս երբեք ժխտողականությանը, այլեւս երբեք ցեղասպանությանը, այլեւս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ»,- ամփոփել է Շարմազանովը: