Թարթիչները ոչ միայն կողմնակի մասնիկների զտիչ են, այլեւ աչքերից հեռացնում են օդի հոսանքները: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները: Նրանց կարծիքով, թարթիչները փոխում են օդի հոսանքների ուղղությունը՝ աչքերը պաշտպանելով մանրէներից, վիրուսներից եւ փոքրիկ մակաբույծներից, ինչպես նաեւ կանխում են աչքի թաղանթի չորացումը:

Ատլանտա քաղաքի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտության ղեկավար Դեւիդ Հուն հայտարարել է, որ թարթիչները «մինչեւ 50%-ով նվազեցնում են խոնավության գոլորշիացումը եւ մասնիկների կուտակումը»:

Փորձն անցկացվել է 22 տեսակի կաթնասունների, այդ թվում՝ մարդու մասնակցությամբ: Բոլոր դեպքերում թարթիչների երկարությունը կազմել է աչքի լայնքի մեկ երրորդը, ինչը, գիտնականների կարծիքով, լավագույն չափն է՝ տեսողության համար անվնաս առավելագույն պաշտպանություն ապահովելու համար:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս բացահայտումը կարող է օգնել պաշտպանության ավելի կատարյալ համակարգեր մշակել, օրինակ՝ արեւային մարտկոցներ, որոնք տարեկան 6%-ով կորցնում են արդյունավետությունը՝ մակերեսին փոշու կուտակման պատճառով: