Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը, ով ղեկավարում է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն, իր հայաստանյան այցի վերաբերյալ հուլիսի 19-ին հաշվետվություն է ներկայացրել վարչապետ Վլադիմիր Պուտինին։
Ժուկովը տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ հաջողվել է պայմանավորվել Ծաղկաձորում գտնվող մարզաբազայի համատեղ օգտագործման եւ բարձրլեռնային պայմաններում օլիմպիական մարզիկների մարզվելու հարցերի շուրջ։
«Մենք պայմանավորվել ենք բազայի համատեղ օգտագործման շուրջ։ Հայկական կողմը պատրաստ է հնարավորություն ընձեռել Ռուսաստանին այնտեղ մարզիկներ պատրաստել»,- ասել է Ժուկովը՝ ավելացնելով, որ հայ մարզիկներն իրենց հերթին կարող են մարզվել Ռուսաստանում։
Ռուսաստանի վարչապետը պաշտպանության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարություններին հանձնարարել է կարգավորել գույքային հարաբերությունները, իսկ Ալեքսանդր Ժուկովին՝ բազայի զարգացման ծրագիրը։




























