Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի պատճառով զգալիորեն ակտիվացրել է իր լրտեսական գործունեությունը եվրոպական երկրներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության նախագահ Հանս Գեորգ Մասենը Բեռլինում ոստիկանական ուժերի միջազգային կոնգրեսի ժամանակ։ Այս մասին գրում է Die Zeit գերմանական պարբերականը։
«Ռուսաստանը տարիներ անց որպես լրտեսության թիրախ է ընտրել Գերմանիան եւ եվրոպական երկրները՝ հաշվի առնելով Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները։ Լրտեսական գործողությունները հատկապես կարեւոր են Ռուսաստանի համար Արեւմուտքի կողմից այդ ճգնաժամի կարգավորմանը վերաբերող որոշումների պատրաստական աշխատանքների մասին տեղյակ լինելու համար։
Ռուսական կառավարությունն օգտագործում է նախկին ԽՍՀՄ ՊԱԿ հնացած գործելաոճը։ Լրտեսության հետ մեկտեղ Ռուսաստանը նաեւ ապատեղեկատվություն է տարածում՝ փորձելով ազդել կայացվելիք որոշումների վրա։ Բացի այդ, Ռուսաստանն օգտվում է արմատական խմբավորումների աջակցությունից՝ ապակայունացնելու Ուկրաինայի դրությունը։ Արեւելյան Եվրոպայի երկրները՝ որպես Ռուսաստահնի հարեւան պետություններ, հատկապես շատ են տուժել դրանից»,- հայտարարել է Մասենը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի օտարացումը սպառնում է Գերմանիայի ու Եվրոպայի անվտանգությանն ընդհանրապես։ «Ռուսաստանի եւ Արեւմուտքի համագործակցությունը շատ օգտակար կլիներ իսլամական ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- ասել է Մասենը։


























