Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին լուծեն հանրության առջեւ ծառացած խնդիրները, այլ ոչ թե բանավիճեն՝ հիմնվելով անհիմն խոսակցությունների վրա։ Այդ մասին խորհրդարանում փետրվարի 25-ին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթին։
«Ապրիլին լրանում է մեկ տարին, երբ ես վարչապետ եմ նշանակվել։ Թող որեւէ մեկը հայտարարի, որ ես այս ընթացքում կամ խորհրդարանի նախագահի պաշտոնում որեւէ բիզնես եմ բացել կամ այժմ կապ ունեմ որեւէ բիզնեսի հետ։ Այդ մասին խոսողներն անհիմն տեղեկություններ են տարածում»,- հայտարարել է Աբրահամյանը։
Նա նշել է, թե իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել կոռուպցիայի բոլոր հնարավոր փաստերը, իսկ ապացույցների առկայության դեպքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի գլխավոր դատախազությունը։





























