Հուլիսի 20-ին Խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովի շրջանակում Ժնեւում շարունակվել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Լիբանան խթան հանդիսացավ համագործակցության խորացմանը:
Հ. Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Բահրեյնի Թագավորության խորհրդարանի նախագահ Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի հետ էր: Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ համաժողովը լավ հնարավորություն է ընձեռել հանդիպելու ԱԺ նախագահին: Նա նշել է, որ Բահրեյնի խորհրդարանում գործում է պատգամավորական բարեկամության խումբ, ինչը կնպաստի միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվեց տնտեսության բնագավառում համագործակցության ակտիվացումը, գործարար շփումները: Երկու երկրների միջեւ կապերը առավել ամրապնդելու համար ԱԺ նախագահը եւ Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը երկուստեք պաշտոնական այցեր կատարելու հրավերներ են ուղղել:
Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ հանդիպման ժամանակ էլ ԱԺ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որ Սիրիայում արժանացան եղեռնից մազապուրծ նրա հազարավոր զավակները: Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերը ամուր հիմք են ստեղծել Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար:
Մահմուդ ալ-Աբրաշի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը: Սիրիայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Սիրիան, ինչպես եւ Հայաստանը խաղաղասեր երկիր է եւ շեշտել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:




























