Այսօր` հուլիսի 21-ին Բուդապեշտում կավարտվի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Գորգ դուրս կգան 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակներն են Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Գեվորգ Սահակյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ) եւ Վաչիկ Եղիզարյանը (120 կգ):
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեկ մեդալ նվաճեց միայն 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, որը բրոնզե մեդալի համար պայքարում 5:0 հաշվով առավելության հասավ դանիացի Ֆրեդրիկ Բիերեհուսի նկատմամբ:
Վաղը պայքարի մեջ կմտնեն կանայք: Հայաստանը մասնակից չունի, իսկ հուլիսի 24-ին եւ 25-ին աշխարհի առաջնությունը կեզրափակեն ազատ ոճային ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Մաթեւոս Սարոյանը (50կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (55 կգ), Հրաչյա Շահնազարյանը (60 կգ), Դավիթ Խաչատրյանը (66 կգ), Հայկ Կարապետյանը (74), Վահե Թամրազյանը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ), Տիգրան Քեսոյանը (120):




























