Այսօր տնտեսական լրագրողների ակումբում տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպեց լրագրողների հետ՝ անդրադառնալով հիմնականում ճանապարհաշինական խնդիրներին։ Նախարարը զարմացած է Երեւան- Սեւան ճանապարհի երկայնքով տեղադրված գերեզմանաքարերի առատությունից, որոնք իրականում ոչ թե գերեզմաններ են, այլ խորհրդանշում են պատահարի վայրը։ «Գերեզմանաքարերը տնկել են ճանապարհի վրա, հիմա ո՞նց քանդես դա։

Նշանակում է՝ ճանապարհը տեր չունի։ Ինչ է՞ նշանակում՝ մեկը եկավ, դրեց մի սյուն՝ վրան գրեց «քյաբաբ»։ Երեւանից Սեւան գնում ես՝ ինչ ասես գրված է»,- ասաց նախարարը։ Նա նաեւ դժգոհություն հայտնեց Երեւան-Սեւան ճանապարհի վերանորոգման աշխատանքների որակից, ասելով, որ մեծամասամբ «փոս լցնելով են առաջ գնացել»։