ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների՝ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումը կարելի է մի էական շրջանի՝ 1-2 տարվա, ամփոփում համարել։ Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով,  ԱԳ նախարարների՝ ղարաբաղյան հակամարտության մասով տարածած հայտարարության մեջ կան մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք զսպում են Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը եւ ցույց տալիս, որ միջազգային հանրությունը քիչ-քիչ հակվում է դեպի հակամարտության լուծման միջազգային իրավունքի դրույթներին։ «Դրանք են՝ ժամանակ առ ժամանակ ռազմական մոլուցքի նոպաներ ունեցող Ադրբեջանին հասկացնելը, որ հակամարտության լուծման ընթացքում պետք է բացառել ուժի կիրառումը, ինչպես նաեւ ընկալել, որ հակամարտության լուծման ամրագրված սկզբունքները պետք է դիտարկվեն միասին եւ ոչ երբեք՝ անջատ-անջատ»,- ճշգրտեց Մինասյանը՝ համոզմունք հայտնելով, որ հակամարտության լուծմանը նպաստող իրադարձությունները իրենց բնական հունով են զարգանում, եւ դժվար չէ նկատել, որ ժամանակն աշխատում է Հայաստանի օգտին։ «Ադրբեջանը դարձել է իր իսկ քարոզչության զոհը եւ սկսել է հասկանալ, որ տարիներ ի վեր ցուցադրած էժանագին շոուներով ոչինչ այլեւս չի կարող փոխել»,- ամփոփեց պատգամավորը։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Ղարաբաղի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունն  Ալմաթիում տարածել էին հուլիսի 16-ին։