Նախորդ՝ ճգնաժամային տարվա համեմատությամբ հայաստանյան տնտեսությունը առաջանցիկ ցուցանիշներ ունի։ Հուլիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նրա հավաստմամբ, եթե համեմատելու լինենք անցած եւ այս տարվա ցուցանիշները, ապա կարող ենք արձանագրել, որ 2009-ի 18 տոկոս տնտեսական անկման փոխարեն այս տարի գրանցել ենք 6,7 տոկոս տնտեսական աճ։ «Արդյունքները առավել քան պերճախոս են։ Համախառն ներքին արդյունքի 4 ուղղություններից 3-ով՝արդյունաբերություն, շինարարություն եւ ծառայություններ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ունենք էական աճ, ինչը, սակայն, չի կարելի ասել գյուղատնտեսության մասին, որտեղ բավական լուրջ՝ 13 տոկոսի թերակատարում ենք գրանցել»,- նշեց Գագիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ արդյունաբերության ոլորտում 12,3 տոկոսի աճ է գրանցվել։ «Սա, իհարկե, շատ ուրախալի է։ Համոզված եմ, որ այս ոլորտում արձանագրված աճը կպահպանվի մինչեւ տարեվերջ»,- ասաց նա՝ հատկանշական համարելով, որ բավական կայուն տվյալներ են ամրագրվել նաեւ ծառայությունների ու շինարարության մասով։ «Ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 6,1 տոկոս աճ, իսկ շինարարության ոլորտում, ինչպես հայտնի է, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 4,1 տոկոս աճ»,- տեղեկացրեց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով ՀՆԱ-ի 6,7 տոկոս աճին, Գ. Մինասյանն ասաց. «Սա բավական լավ ցուցանիշ է տարվա առաջին կիսամյակի համար։ Հիշեցնեմ, որ պետբյուջեով այս տարվա համար նախատեսված է 1,2 տոկոսի աճ»:: Նրա խոսքով, բարձր են նաեւ ներմուծման եւ արտահանման աճի տեմպերը՝ 55,9 տոկոսի աճ՝ արտահանման եւ 24,4 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում։
Ամփոփելով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ իրենք անելու են ամեն բան, որպեսզի մինչեւ տարեվերջ գնաճը նվազի եւ տեղավորվի 5,5 տոկոսի շրջանակներում։




























