ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ափսոսում է, որ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ից հեռանալու որոշում է կայացրել: Այս մասին նա ասաց այսօր` հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀՇ վարչության նորընտիր նախագահը միաժամանակ հետեւյալ հարցադրումն արեց.«Արդյո՞ք Կարապետ Ռուբինյանը նման հայտարարություն կաներ, եթե ընտրվեր վարչության կազմում» եւ հավելեց, որ եթե Ռուբինյանը որեւէ մտահոգութուն ուներ որեւէ հարցի վերաբերյալ, ապա կարող էր այդ մասին բարձրաձայնել ՀՀՇ 16-րդ համագումարում:

«Եթե Կարապետ Ռուբինյանը Տեր-Պետրոսյանի հետ ուներ անհամաձայնություն, ապա նրա ելույթը եղել է մոտավորապես ժամը 12-ին մոտ, դրանից հետո մենք 10 ժամ եղել ենք համագումարի աշխատանքներում: Չկա՞ր այդ հնարավորությունը՝ իր ասելիքը Տեր-Պետրոսյանին ասելու»,-հարց ուղղեց Մանուկյանը: Նրա  խոսքով՝ եթե ՀՀՇ-ում Ռուբինյանի՝ՀՀՇ վարչության անդամ ընտրելուն խոչընդոտելու ծրագիր լիներ, ինչպես ինքը՝ Ռուբինյանն է պնդում, ապա ինչո՞ւ պետք է նրա անունը ներառված լիներ վարչության անդամ առաջադրվածների ցուցակում եւ ինչո՞ւ ՀՀՇ-ականները պետք է համարձակորեն քվեարկեին նրա օգտին: Արամ Մանուկյանի հավաստմամբ՝ վարչության ընտրությունն անցել է առանց խախտումների, որեւէ բողոք չի հայտնվել, ինչի մասին կան համապատասխան փաստաթղթեր: Ռուբինյանն, ի դեպ, ստացել է 232 ձայն՝ քվեարկությանը մասնակցած պատվիրակների մոտ կեսի քվեները, եւ նրան վարչության անդամ ընտրվելու համար ընդամենը 40 ձայն է պակասել: Վարչության ընտրություններին մասնակցել է 506 պատվիրակ, տպագրվել է 800 քվեաթերթիկ:

Ի դեպ, Կարապետ Ռուբինյանի հայտարարությունից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀՇ 16-րդ համագումարի հաշվիչ հանձնաժողովը, որում տարակուսանք է հայտնվում վարչության ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կարապետ Ռուբինյանի կողմից լրատվամիջոցներին տրված գնահատականների առնչությամբ: Հաշվիչ հանձնաժողովը հայտարարել է, որ համագումարում բոլոր քվեաթերթիկների, այդ թվում ՀՀՇ վարչության ընտրությունների կազմակերպումն ու արդյունքների ամփոփոփումը կազմակերպվել է կուսակցության կանոնադրության բոլոր պահանջներին համապատասխան: Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացում եւ դրանից հետո համագումարի նիստում որեւէ մեկի կողմից չի գրանցվել, չի ներակայացվել դիտողություններ, առարկություններ կամ բողոքներ: Հաանձնաժողովն առաջարկել է եռօրյա ժամկետում Կարապետի Ռուբինյանի կամ համագումարի ցանկացած այլ պատվիրակի կողմից  համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կատարել քվեարկության արդյունքների վերահաշվարկ:   

Արամ Մանուկյանն, ի դեպ, կրկին ափսոսանք հայտնելով Ռուբինյանի հեռացման վերաբերյալ նշեց, որ չի բացառում հետագայում նրա հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինայնը հուլիսի 19-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր. «Իմ դիտարկումներով եւ համաձայն ինձ հասած տեղեկությունների՝ ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են»:  Նա նաեւ նշել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է իրեն՝ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար: