Հայաստանի միջպետական ճանապարհները, դեռ խորհրդային ստանդարտներին համապատասխան, կառուցված են 10-15 տոննա քաշով մեքենաների համար, այնինչ Իրանից ամեն օր Հայաստան են մտնում շատ ավելի ծանր մեքենաներ, այսօր` հուլիսի 21-ին մամուլի ասուլիսում ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։ Ծանր մեքենաներն են, մասնավորապես, պատճառ դարձել, որ 10 օրով փակվի Իջեւան-Լոռի ճանապարհահատվածը։ Սակայն նախարարի կարծիքով՝ Հայաստանը չպետք է արգելակի Իրանից ելումուտ անող ծանր մեքենաներին, քանի որ արտաքին աշխարհի հետ կապը սահմանափակ է։ Ավելին՝ նախարարի կարծիքով Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, թեեւ այն տնտեսապես արդյունավետ չէ։ Այդ նախագծում շահագրգռված է Ռուսաստանը, նախարարի խոսքով՝ պատահական չէ, որ «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վ. Յակունինն ու Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ի. Լեւիտինը երկուական անգամ այցելեցին Հայաստան։

Ենթադրվում է, որ երկաթուղու միայն նախագծման արժեքը կարող է կազմել 200 մլն դոլար, սակայն ֆինանսավորման հարցը մնում է առկախ։ Առեւտրային բանկերը, ըստ նախարարի, ֆինանսավորում չեն իրականացնում՝ ելնելով այն համոզմունքից, որ նախագիծը տնտեսապես անարդյունավետ է։ «Գուցե փուլ առ փուլ կառուցենք։ Նախագծի մի տարբերակով 23-25 կմ թունել է պետք փորել, մյուս տարբերակով՝ 50 կմ։ Բայց դեռ չգիտենք, թե սարերի տակ ինչ կա։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում միշտ էլ սարերի տակ ինչ-որ խնդիրներ են առաջանում»,- ասաց Վարդանյանը։