«Ֆիոլետովո-Վանաձոր» երկաթգծի հատվածի շինարարությունը շարունակում է Հայաստանի համար առաջնահերթ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր մնալ։ Այսօր` հուլիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարող «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլ. Յակունինը Երեւան կատարած պաշտոնական վերջին այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում նոր երկաթուղային գծերի  շինարարությունը նպատակահարմար չէ։ Նրա խոսքով` Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի երկարությունը 51 կմ է, անհրաժեշտ ներդրումները` 6 մլրդ ռուբլի (մոտ 200 մլն դոլար): Անդրադառնալով Յակունինի այդ հայտարարությանը՝ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ ռուսաստանցի պաշտոնյան ճիշտ չի հասկացել խնդրի էությունը։ «Յակունինը ենթադրում է, որ մենք կոնցեսիայի շրջանակներում ենք հարցը դնում։ Բայց դա կոնցեսիայի հետ կապ չունի, դա մեր ռազմավարական ծրագիրն է»,-ասաց Վարդանյանը։ Նա նաեւ շեշտեց, որ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածն իրականում ոչ թե 51 կմ է, այլ 30 կմ, հետեւաբար՝ ավելի քիչ ներդրումներ են պահանջվում։ Վարդանյանը չբացառեց, որ երկաթգիծը կառուցելուց հետո այն չի հանձնվի «Հարավկովկսյան երկաթուղիների» կառավարմանը։