Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 21-ին Կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին' վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը համագործակցության ռազմավարական ուղղությունները եւ առաջնահերթությունները հստակեցնելու համար։

Հայաստանի եւ միջազգային դոնոր կազմակերպությունների միջեւ համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության գերակայությունները եւ անդրադարձել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ըստ ոլորտների իրականացվող ծրագրերին։

Դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպումը նախաձեռնելու համար եւ ընդգծել հանդիպումների պարբերական անցկացման կարեւորությունը։

Հաջորդիվ' մտքերի փոխանակման ընթացքում, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է արվել համագործակցության ծրագրերի համար միասնական տեղեկատվական բազայի ձեւավորման եւ դոնոր կազմակերպությունների միջեւ երկկողմ ու բազմակողմ համագործակցության համակարգման հարցերին։

Ամփոփելով քննարկման արդյունքները' կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը զբաղվել ՀՀ կառավարություն-դոնոր-կազմակերպություններ համագործակցությանը նվիրված կայքի ստեղծմամբ, որը պարունակելու է տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Որոշվել է նման ձեւաչափով հանդիպումներն անցկացնել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։