Հուլիսի 20-ին Քաբուլում կայացել է Աֆղանստանին նվիրված միջազգային խորհրդաժողով, որը համատեղ կազմակերպել էին Աֆղանստանի կառավարությունը եւ ՄԱԿ-ը: Սա առաջին նմանատիպ միջոցառումն էր, որն անցկացվում էր Աֆղանստանում. նախորդ չորս խորհրդաժողովները հյուրընկալել էին տարբեր եվրոպական մայրաքաղաքներ:
Հավաքի բացումը կատարել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Խորհրդաժողովին մասնակցել են ավելի քան 70 պետությունների եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնը:
Խորհրդաժողովին Հայաստանը ներկայացնում էր ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:
Աֆղանստանի նախագահը, ինչպես նաեւ ելույթ ունեցողներն անդրադարձել են հետեւյալ խնդիրներին.
-միջազգային աջակցության առավել արդյունավետ իրացում` այն երկրի կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցման եւ ազգային բյուջեում ներառման միջոցով,
-Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի` բանակի եւ ոստիկանության, կարողությունների ամրապնդում եւ նրանց անվտանգության ապահովման գործառույթների աստիճանական փոխանցում,
-տարածաշրջանային համագործակցության ամրապնդում եւ հարեւան երկրների հետ փոխգործակցության միջոցով երկրում կայունության ու անվտանգության երաշխավորում,
-երկրի ներսում հաշտեցման եւ վերաինտեգրման գործընթացների իրականացում,
-կոռուպցիայի դեմ գործնական պայքար եւ տարբեր մակարդակներով արդյունավետ կառավարման ապահովում:
Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները հավանության արժանացրին «Աֆղան կառավարության նորացված հանձնառությունը աֆղան ժողովրդին, միջազգային հանրության նորացված հանձնառությունը Աֆղանստանին» կոմյունիկեն:
Խորհրդաժողովը բարձր մակարդակով հստակ ուղերձ է հղել աֆղան ժողովրդին եւ միջազգային հանրությանը, որ չնայած անհաղթահարելի թվացող դժվարություններին` երկարատեւ հեռանկարում շարունակվելու է երկրին ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ մարդասիրական աջակցության ցուցաբերումը:




























