Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել Ժնեւում Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Նա մասնավորապես առաջարկել է երկրների խորհրդարաններին իրենց դերակատարությունն ունենալ ճգնաժամի ժամանակ ընդունվող հաճախ կարծր եւ ժողովրդականություն չվայելող միջոցներին օրինականություն հաղորդելու գործում:

«Ֆինանսական ճգնաժամը որոշ երկրներում վերածվեց նաեւ քաղաքական ճգնաժամի, երբ կառավարությունները հարկադրված էին դիմել հրաժարականի:

Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամին դիմակայելու հիմնական պատասխանատվությունն ընկած է կառավարությունների վրա, մեր երկրների խորհրդարանները պետք է վճռորոշ դերակատարություն ստանձնեն եւ անհրաժեշտ որոշումներ ընդունելու կարողություն ունենան: Դրանց թվին է պատկանում ճգնաժամի պատճառով առաջացած բացասական սոցիալական ազդեցության նվազեցումը գործազուրկ եւ հասարակության ամենախոցելի եւ անպաշտպան խավերի վրա:

Խորհրդարանները պետք է նաեւ իրենց դերակատարությունն ունենան ճգնաժամի ժամանակ ընդունվող եւ հաճախ կարծր եւ ժողովրդականություն չվայելող միջոցներին օրինականություն հաղորդելու ու դրանց նկատմամբ հանրության աջակցությունն ապահովելու գործում: Թափանցիկությունն ու քաղաքացիների հետ երկխոսություն վարելու ունակությունը կենսական նշանակություն ունեն քաղաքական գործընթացների համար»,- իր խոսքում նշել է Հ. Աբրահամյանը: