«168 ժամ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը» դարձել է գործարար շահերի բախման պատճառ։ Չնայած 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությունը զգուշացնում է, որ «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում եւ արտերկրում եւ, որ դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի գլխավոր տնօրինությանը, շատերը պատրաստում են «Անմոռուկով» կրծքանշաններ եւ այլ ատրիբուտներ՝ վաճառքի համար:
Տնօրինության մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս պահին դրանք բոլորն օրենքից դուրս են։ «Անմոռուկը» արտադրական նպատակներով օգտագործելու համար գործարարները պետք է հայտ ներկայացնեն տնօրինությանը։ Երեկվա դրությամբ առկա էր 20-ից ավելի նման հայտ։
Ըստ Հ.Բերբերյանի՝ այդ հայտերը դեռ քննարկման փուլում են եւ այսօր կորոշվի, թե որ ընկերությունների հայտերն են բավարարվելու։
Իսկ մինչ այդ, պատասխանատուները արդեն պատվիրել եւ ստացել են 20 հազար հատ «Անմոռուկով» կրծքանշան, եւս 300 հազար հատ «Անմոռուկով» ատրիբուտ պատրաստ կլինի մինչեւ մարտի վերջ եւ կբաժանվի խանութներին։ Անհասկանալի է միայն այն, թե ինչու է որոշվել այդ պարագաները պատվիրել չինական ընկերությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























