Հայաստանն իրեն մեկնած բարեկամական ձեռքը չի անտեսում, բայց եթե այդ ձեռքն իրականում չկա, ապա այդ դեպքում անտեսում է: Այսօր` հուլիսի 21-ին Սեւանում «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թե հայկական կողմը ոչ կառուցողական դիքորոշում է ցուցաբերում երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Թուրք պաշտոնյաների հայտարարությունները միտված են ներքաղաքական նպատակների: Ամբողջ աշխարհը թուրքերին է ասում, որ պետք է կամք դրսեւորեն եւ վավերացնեն արձանագրությունները, իսկ Թուրքիան մե՞զ է ասում»: Նրա խոսքով, Թուրքիայի իշխանությունները պարզապես խեղաթյուրում են իրականությունը։

Այնուհետեւ անդրադառնալով հայի ինքնության վերաբերյալ իր պատկերացումներին, ՀՀ նախագահն ասել է. «Մենք երբեք մեզ ասիացի չենք համարել, բայց դա չի նշանակում, որ եվրոպացիներն ասիացիներին գերազանցում են: Մենք միշտ մեզ համարել ենք եվրոպացի, բայց` ասիական շեշտադրումներով: Այսօր ընտրված է եվրոպական քաղաքակրթության ուղին, որը եվրոպացիների հետ մերձենալու մեր փորձն է»: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը շարունակելու է գործողություններն այդ ուղղությամբ` հիմքում ունենալով ազգային առանձնահատկությունները: