Վարկածը, թե Բորիս Նեմցովին սպանել են արմատական մուսուլմանները, ոչ մի քննադատության չի դիմանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սպանված ընդդիմադիր գործչի կուսակից Իլյա Յաշինը։
Նրա կարծիքով՝ այդ վարկածը Կրեմլի քաղաքական պատվերն է եւ շատ ձեռնտու է իշխանություններին։ Յաշինը պատմել է, որ Նեմցովը հանդուրժող մարդ էր եւ շատ մեծ հարգանքով էր վերաբերվում այլ կրոններին եւ քննադատելով Charlie Hebdo-ի խմբագրատան վրա կազմակերպած հարձակումը՝ նա դատապարտում էր ահաբեկչությունը եւ ոչ թե իսլամը։ Ըստ նրա՝ սպանության իրական մեղավորներին այս պահին ամենայն հավանականությամբ չեն գտնի, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ Նրա սպանության գործով ձերբակալվել է 5 մարդ, որոնց թվում՝ չեչենական «Հյուսիս» գումարտակի գնդի փոխհրամանատար Զաուր Դադաեւը, որը եւ խոստովանական ցուցմունք է տվել՝ նշելով, թե սպանել է Նեմցովին կրոնական դրդապատճառներից ելնելով։




























