Ռուսական Коммерсантъ հեղինակավոր պարբերականն այսօրվա` հուլիսի 22-ի համարում «Մերսի, Բաքու» վերնագրով հրապարակման մեջ պատմում է, որ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան, խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի անունից Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին առաջարկել է լուրջ փոփոխություններ մտցնել աշխարհի չեմպիոնի տիտղոսի խաղարկության մրցակարգում: Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան գործնականում պահանջում է տղամարդկանց հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխել Թաթարստանի մայրաքաղաք Կազան, կանանց նոկաուտ մրցակարգով առաջնությունը դարձնել Աշխարհի գավաթի խաղարկություն, իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կազմակերպել առանձին մրցաշար:
Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան, որն էլ Կիրսան Իլյումժինովին է առաջադրել ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում, համարում է, որ գործող կանոնակարգը ոտնահարում է որոշ գրոսմայստերների իրավունքները եւ առհասարակ հարցականի տակ է դնում այդքան կարեւոր մրցումների անցկացումը:
Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայում Դվորկովիչի տեղակալ Անդրեյ Սելիվանովը Коммерсантъ-ին պարզաբանել է, որ առաջարկն արվել է տղամարդկանց աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի անցկացումը չվտանգելու համար: Սելիվանովը հիշեցրել է, որ ընտրական շրջափուլի գլխավոր ընտրական փուլի` Գրան Պրի շարքի հաղթող Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվել է հանդես գալ Բաքվում: Սելիվանովը վստահություն է հայտնել, որ հավակնորդների մրցաշարը Կազանում անցկացնելու դեպքում որեւէ խնդիր չի առաջանա: 2011-ի գարնանը նախատեսված մրցաշարին մասնակցելու իրավունք արդեն ունեն Լեւոն Արոնյանը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում Վիշվանաթան Անանդին պարտված բուլղարացի Վեսելին Թոփալովը, ամերիկացի Գատա Կամսկին, որը հավակնորդների մրցաշարում պարտվել էր Թոփալովին եւ նոկաուտ մրցակարգով Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, իսրայելցի Բորիս Գելֆանդը: Եվս երեք մասնակիցների անունը կհրապարակվի առաջիկայում: Կանոնակարգով այդ իրավունքը պետք է ստանան ՖԻԴԵ-ի վարկանիշի այն առաջատարները, որոնք չեն նվաճել ուղեգիր: Այս պահին այդ գրոսմայստերներն են նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Եվս մեկ տեղ կհատկացվի մրցաշարի կազմակերպիչ երկրին:




























