Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին անձամբ է զգացել, թե որքան մեծ է հայերի սերն ու երախտագիտությունը նրա կնոջ՝ մարդու իրավունքների գծով հայտնի փաստաբան Ամալ Քլունիի հանդեպ՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի կառավարության դեմ գործով ՄԻԵԴ-ում հայկական կողմի շահերը ներկայացնելուց հետո:

«Կինս  տեղյակ չէր, որ ես աշխատում եմ Ռուբեն Վարդանյանի հետ: Նա պատրաստվում էր գնալ Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ-ում այդ հետաքրքիր գործով հայկական կողմը ներկայացնելու համար: Ես Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում,  ու այնտեղ բոլորը հայեր էին, հանկարծ բոլորը մոտեցան ինձ ու ասացին, որ ուզում են համբուրել կնոջս»,-ծիծաղելով պատմել է Քլունին մարտի 10-ին, Նյու Յորքում  կայացած՝ հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի հիմնադրած «100 կյանք» նախագծի եւ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհանդեսին: Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին մրցանակային հանձանաժողովի անդամ է եւ 2016թ. ապրիլի 24-ին Երեւանում անձամբ է մրցանակը հանձնելու առաջին դափնեկրին:

Ի դեպ, Քլունիի կնոջ մասին դերասանի պատմածից հետո Ռուբեն Վարդանյանը հումորով նկատել է, որ հիմա իրենք հաճախ ասում են, որ Ջորջը ոչ թե Քլունի է, այլ Քլունյան:

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը: Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի վճիռը: