ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը, ով այս տարվա մարտի կեսին անդամագրվեց ՕԵԿ-ին եւ նույն օրը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար, կադրային ջարդ է սկսել ԱԻՆ-ում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի համարում: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երիցյանը հասցրել է աշխատանքից հեռացնել համակարգի 30-ից ավելի մասնագետների՝ նրանց փոխարեն ընդունելով ոստիկանության համակարգի պաշտոնանկ արված այն աշխատակիցներին, որոնք գտնվում են ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Ընդ որում, վերջիններիս նշանակում է ղեկավար պաշտոնների:Մասնավորապես՝ Էրեբունու նախկին ոստիկանապետ Ավետիք Մկրտչյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ Թոխմախի Մհերի կրիմինալ տարրերի հետ վերահսկում էր ընտրակեղծիքների ընթացքը, ով անձամբ հարվածեց ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, նշանակվել է Երեւանի հրդեհային տեսչության պետ:
Վերջերս ՕԵԿ-ին անդամագրված Էդվարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբայրը՝ Գրիգոր Մադաթյանը, նշանակվել է ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ: Ըստ թերթի, Արմեն Երիցյանը կրճատել է նաեւ փրկարարներին, որպեսզի նվագախումբ ստեղծելու համար երաժիշտների ընդունի: Իսկ իրեն ընդդիմացողներին եւ իր կարծիքի հետ չհամաձայնողներին աշխատանքից հեռացնում է եւ բացահայտ ասում, թե ողջ համակարգում լրտեսական ցանց է ստեղծվել, որն ակտիվորեն գործում է իր օգտին: Երիցյանը նաեւ որոշել է նախարարության բոլոր ստորաբաժանումները տեղափոխել Դավիթաշենում գտնվող Սեյսմիկ կենտրոնի շենք, այն դեպքում, երբ բոլոր ստորաբաժանումներն իրենց տարածքներն ունեն, ու հիմա Դավիթաշենում շինվերանորոգման աշխատանքներ են կատարվում:




























