Պոզնանի Ադամ Միցկեւիչի անվան համալսարանի դասախոսներ, պատմաբաններ Քշիշտով Ֆեդերովիչը եւ Բարտոլոմեյ Բզեզինսկին այցելեցին Վանաձորի պետական համալսարան եւ մի քանի օր շարունակ վարեցին դասընթացներ տարբեր մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար:
Պոզնանի համալսարանի արեւելագիտության ինստիտուտի պատմաբանները հանդիպում ունեցան նաեւ ՎՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Նրանց զեկույցները հիմնականում նվիրված էին ռուս-լեհական քաղաքական կապերին, հարաբերություններին, Լեհաստանում հայ կաթոլիկ եկեղեցուն, հայկական համայնքին, հայկական ծագումով անվանի լեհերին եւ այլն:
ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ Ֆելիքս Մովսիսյանը նշեց, որ մինչ օտարերկյա պատմաբաններին հյուրընկալելը նախատեսվում էին դասախոսություններ միայն «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողների համար, սակայն այդ դասընթացներին ակտիվ մասնակցույթուն ունեցան նաեւ բակալավրիատի «Պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Ռուսաց լեզու եւ գրականություն» մասնագիտության ուսանողները:
Ֆ. Մովսիսյանը հավելեց, որ արտասահմանյան մի շարք հայտնի համալսարաններից դեպի մեր բուհ դասախոսների հոսք է նկատվում. «Պոզնանի համալսարանի եւ ՎՊՀ-ի միջեւ մեծ համագործակցություն է սկսվել: Պատմաբան Ք. Ֆեդերովիչը հաջորդ ուսումնական տարի նորից կայցելի մեր բուհ՝ գիտական ծրագրեր իրականացնելու նպատակով: Ակտիվություն է նկատվում նաեւ ուսանողների փոխանակման ծրագրում: Այժմ մեր համալսարանում իր մագիստրոսական կրթությունն է շարունակում Պոզնանի համասարանի ուսանող Դանուտա Ստոյակը («Պատմություն» մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրս), ով մեր բուհի օտարերկրացի առաջին ուսանողն է»:
ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից եւս կլինեն անձինք, ովքեր դասախոսելու կմեկնեն արտասահմանյան գործընկեր բուհեր: Պոզնանի Ա. Միցկեւիչի անվան համալսարանում հոկտեմբեր ամսին կդասախոսի նաեւ Ֆ. Մովսիսյանը:
Ադամ Միցկեւիչի անվան համալսարանի դասախոսները անչափ տպավորված էին ՎՊՀ ուսանողների գիտելիքներով: Նրանց համար ողջունելի է կրթական ծրագրերում տեղ գտած նոր՝ «Եվրոպայի պատմություն» առարկայի դասավանդումը: Քշիշտով Ֆեդերովիչն անգամ նշեց. ՙԻնչպես երեւում է, դուք Լեհաստանի պատմությունն ավելի լավ գիտեք, մեզանից լավ եք տիրապետում որոշ մանրամասների՚:
Դասախոսությունների ավարտից հետո ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հանդիպեց օտարերկրյա պատմաբանների հետ, շնորհակալություն հայտնեց հրավերը չմերժելու համար եւ հանձնեց հուշանվերներ:
ՎՊՀ մագիստրատուրայի կրթական ծրագրերը լիովին վերանայվել են եւ համապատասխանեցվել եվրոպական կրթական ծրագրերին, ինչի շնորհիվ դարձել են գրավիչ ոչ միայն մեր, այլեւ արտասահմանյան բուհերում սովորող ուսանողների համար:
(1).jpg)
(1).jpg)
.jpg)
(1).jpg)





























