Վաղ հասակից երաժշտությամբ զբաղվող, 18-ամյա Գարեգին Քեւնակսզյանի կլառնետահարի կարիերան վտանգված է՝ պրոֆեսիոնալ գործիք չունենալու պատճառով: Գարեգինը  բավականաչափ գումար չունի նոր՝ պրոֆեսիոնալ կլառնետ ձեռք բերելու համար:

«Իմ ունեցած կլառնետն աշակերտական, ուսանողական մակարդակի է: Իսկ պրոֆեսիոնալ կլարներտը շատ թանկ է, ինչը ես չեմ կարող գնել: Իմ ունեցած գործիքով էլ ես չեմ կարող ինչ որ բարձունքի հասնել: Այս դեպքում ուզում եմ կատարողականությամբ հանդիսատեսին զարմացնել, բայց նրանք միայն լսում են վատ գործիքիս ձայնը: Ձայնի որակը ոչ միայն ինձնից է գալիս, այլեւ կլառնետից»,- պատմում է Գարեգին Քեւնակսզյանը:

7 տարեկանից սիրողական մակարդակով կլառնետ նվագող Գարեգինը ծնողներից գաղտնի է որոշել իր հոբբին մասնագիտություն դարձնել: Դրա համար, ինչպես ինքն է պատմում, ստիպված է եղել անգամ որոշ ժամանակ խաբել ծնողներին՝ ֆիզիկայի դասերի փոխարեն երաժշտական դպրոց հաճախելով. «Ծնողներս ուզում էին, որ ես դառնամ ծրագրավորող, այդ պատճառով գնացի դպրոցի ֆիզմաթ բաժինը: Բայց երկու ամիս այնտեղ սովորելուց հետո հասկացա, որ դա իմը չի, ես պետք է երաժիշտ դառնամ ,եւ ժամանակիս մեծ մասն անցկացնում էի երաժշտական դպրոցում: Որոշմանս մասին ծնողներիս մոտ մեկ ամիս չէի ասում, մեկ ամիս հետո միայն ասացի, իրենք էլ, բարեբախտաբար, հասկացան ինձ»:

Երիտասարդ տղայի ջանքերը իզուր չեն անցել, նա ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այժմ սովորում է առաջին կուրսում: Գարեգինը ցանկանում է կրթությունը շարունակել Ֆրանսիայի կոնսերվատորիայում, որտեղ, սակայն, չի կարող ընդունվել, եթե չունենա նոր գործիք: Նոր կլառնետով Գարեգինը ցանկանում է նաեւ մենահամերգ տալ Երեւանում. դրա հնարավորությունը հատուկ մրցանակի տեսքով ստացել է 2013թ. Աբգար Մուրադյանի անվան պատանի կլառնետահարների 1-ին հանրապետական մրցույթ-փառատոնին հաղթելուց հետո:

«Ամենակարեւոր նպատակներիցս մեկը մենահամերգ կազմակերպելն է, որն ունեցածս գործիքով չեմ կարող: Նոր կլառնետով ցանկանում եմ նաեւ նվագել Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, որի նոտաներն ունեմ, բայց այս գործիքով չեմ կարողանում նվագել»,- ասաց Գարեգինը:

Գարեգինը նաեւ բազմաթիվ դիպլոմներ ունի, հանրապետական ու միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է:

Գարեգինին օգնելու, նրան անհրաժեշտ 5900  դոլար արժողությամբ Buffet Crampron Tosca կլառնետը Շվեցարիայից գնելու համար հաշվեհամար է բացվել:

UNIBANK

24100048852801 AMD

24100048852802 USD

24100048852803 EUR

Ստացող՝ Մելիք Քեւնակսզյան