Ես կոռեկտ չեմ համարում խառնվել ԲՀԿ-ի ներկուսակցական խնդիրներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչպես է մեկնաբանում ԲՀԿ-ում տեղի ունեցած զարգացումները:
Նա շեշտեց, որ տեղի ունեցող գործընթացները եւ իրադարձությունները գտնվում են հասարակության ուշադրության բեւեռում: «Որպես քաղաքական դաշնակից՝ ես պատրաստ եմ օգնել իմ ընկերներին, խորհուրդ տալ, եթե դրա կարիքը կա եւ անել հնարավորինս, որպեսզի այս գործընթացները վերջում ունենան դրական արդյունք: Երբ կավարտվի ներկուսակցական թոհուբուհը, այն ժամանակ արդեն հնարավոր կլինի ձեւակերպել դաշնակցային հարաբերությունների նոր ձեւաչափեր»,-ասաց Գուրգեն Արսենյանը:
Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության հետ կապված քննարկումներին եւ հարցերին, պատգամավորը նշեց, որ երբ կլինի նիստ եւ օրակարգում կլինեն հարցեր, այդ ժամանակ դիրքորոշում կարտահայտի եղած հարցերի վերաբերյալ:




























