Հայտարարությունները, թե Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի առկայությունն ավելի անհրաժեշտ է Հայաստանին, քան հենց իրեն՝ Ադրբեջանին, առաջին անգամ չէ, որ շրջանառության  մեջ են դրվում Ադրբեջանի կողմից. սա տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ տարր է, ոչ ավելին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացմանը դեմ գնալով՝ Հայաստանը խոչընդոտներ է ստեղծում իր իսկ զարգացման համար, եւ որ այդ զարգացումն անհնարին է առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի։

Քաղաքագետի խոսքով, ադրբեջանցի գործչի նման հայտարարությանը նպաստել է նաեւ Հայաստանի առաջին  նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե առանց ղարաբաղյան հացի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն ապագա չունի։ «Մամեդովի եւ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները բավական նման են իրար։ Բայց սա միայն տեղեկատվական պատերազմի դրսեւորումներից է՝ նախատեսված ներքին սպառման համար, ոչ ավելին»,- համոզմունք հայտնեց Բոզոյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ 16-րդ համագումարում մասնավորապես նշել էր, թե «առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»: