Առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի էլ Հայաստանը տարածաշրջանում զարգացման հեռանկարներ ունի եւ առաջիկա տարիները կապացուցի դա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի այն հայտարարությանը, թե Հայաստանին շատ ավելի է պետք Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքը, քան Ադրբեջանին, քանի որ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանը տարածաշրջանում զարգացման հեռանկարներ չունի:
«Պարոն Մամեդովը սխալվում է, Հայաստանը տարածաշրջանում զարգացման հեռանկարներ ունի: Բայց դա չի նշանակում, որ հենց դա է ցանկալի ճանապարհը: Կարծում եմ, որ ԼՂ հակամարտության լուծման պարագայում պիտի շահեն բոլոր կողմերը: Իհարկե, այդ լուծումը չպետք է լինի միակողմանի, այնպիսին, ինչպիսին այժմ նախապատրաստվում է՝ հօգուտ Ադրբեջանի»,-նշեց Մելիքյանը: Նրա խոսքով՝ այս հայտարարությամբ Ադրբեջանը փորձում է հերթական անգամ ճնշում բանեցնել, շանտաժի ենթարկել ու հոգեբանորեն վախեցնել հայկական կողմերին, ինչը, ըստ ԼՂ նախկին ԱԳ նախարարի, անիմաստ ու ապարդյուն փորձ է եւ միտված է ԼՂ հարցում զիջումներ կորզելուն:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա, ըստ Մելիքյանի, «սահմանը չի բացվի բոլոր դեպքերում»: «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանությունները կարող են բացել հայ-թուրքական սահմանը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ընդառաջ: Սակայն դա ներկայացնել որպես սահմանի բացում՝ ուղղակի ծիծաղելի է»,-ընդգծեց ԼՂ նախկին ԱԳ նախարարը:




























